Սեպտեմբերի 19-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդուռռեզա Ֆազլիի հետ։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ զրույցի ընթացքում արծարծվել են հարևան երկրների բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր։
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի ոստիկանության և Իրանի ներքին գործերի նախարարության միջև հաստատված արդյունավետ փոխգործակցության հետագա ընդլայնումը։
Էդվարդ Նալբանդյանն ու Աբդուռռեզա Ֆազլին գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրերի պահանջի վերացման վերաբերյալ հուշագրի ուժի մեջ մտնելուց հետո փոխադարձ այցելությունների զգալի աճ է գրանցվել։
Օգոստոսի 6-ին Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին հայտնել է՝ օգոստոսի 6-ից Իրանի բոլոր սահմանային անցակետերին տեղեկացվել է, որ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Իրան՝ առանց մուտքի արտոնագրի: