11 մայիսի 2007 - 16:28 AMT
Երեւանը կարող է միակողմանի ժամանակավորապես դուրս գալ Ղարաբաղի հարցով բանակցություններից
«Ադրբեջանական կողմը խախտում է դիվանագիտական էթիկան եւ այդ պատճառով խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում որեւէ առաջընթացի մասին գրեթե անիմաստ է: Նման պայմաններում բանակցությունների շարունակությունը գրեթե անհնարին է»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, Երեւանը կարող է միակողմանի ժամանակավորապես դուրս գալ Ղարաբաղի հարցով բանակցություններից:

«Մենք դա կարող ենք հանգիստ անել, քանի որ դրա համար բոլոր անհրաժեշտ նախապայմաններն ու պատճառները կան, որոնցից առաջինը Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն է խաղաղ գործընթացի նկատմամբ»,- ընդգծել է նա:

ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրենը նաեւ նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները ճնշում են գործադրում կողմերի վրա` ստիպելով արագացնել համաձայնագրի կնքումը, որին Հայաստանը չի համաձայնվի: