12 մայիսի 2007 - 13:38 AMT
Հայաստանում ընթանում են Ազգային Ժողովի ընտրություններ
Հայաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություներ: Տեղական ժամանակով ժամը 8:00-ին (GNT+ 4) բացվել են 1923 ընտրատեղամասեր: Հայաստանի ոստիկանության տվյալներով, ընտրություններին մասնակցում են շուրջ 2 միլիոն 285 հազար 830 ընտրողներ: Վերջին սոցիոլոգիական հարցումների տվյալները վկայում են, որ ընտրազանգվածի ակտիվությունը խորհրդարանական ընտրություններում կկազմի 60-70 տոկոս: ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի համաձայն, քվեարկությունը անց է կացվում միայն երկրի տարածքում` արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիները չեն կարողանա օգտվել իրենց ձայնի իրավունքից:
Խորհրդարանի 131 տեղի համար (90-ը կուսակցական ցուցակներով եւ 41-ը միամանդատային տարածքներում) կպայքարեն 22 կուսակցություններ եւ մեկ քաղաքական դաշինք: Խորհրդարան անցնելու համար կուսակցությունը պետք է հավաքի ընտրողների 5 տոկոսից ավելին, դաշինքները` 7 տոկոս:
Ընտրությունների օրը հասարակական կարգը կպահպանեն իրավապահ մարմինների շուրջ ութ հազար աշխատակիցներ: Քվեարկության ընթացքին հետեւում են 755 դիտորդներ 6 միջազգային կազմակերպություններից եւ 13 333 դիտորդներ 50 տեղական կազմակերպություններից:
Քվեարկության նախնական արդյունքները Հայաստանի ԿԸՀ-ն կհաղորդի արդեն կիրակի օրը: