25 հոկտեմբերի 2002 - 20:10 AMT
ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԳԵՑՆԵԼ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԿՈՎԿԱՍՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Մոսկվայի թատերական կենտրոնում պատանդներ վերցրած ահաբեկիչների գործողությունները կարող են այնտեղ հանգեցնել ագրեսիայի կովկասցիների նկատմամբ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտարարեց Մոսկվայի հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը: Համաձայն ակումբի «թեժ գծի» տվյալների, արդեն երեկ երկու հարձակում է տեղի ունեցել կովկասցիների վրա: Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող հայերի մոտ շատ խնդիրներ են առաջացել անձնագրային վերահսկողության ուժեղացման արդյունքում: Հոկտեմբերի 24-ին երեք ժամվա ընթացքում նրանցից ավելի քան 60 բողոք է ստացվել, ինչը սովորաբար լինում է մեկ շաբաթում: Տվյալ դեպքում հայերին հիմնականում անհրաժեշտ է լինում իրավաբանական եւ հոգեբանական օգնություն, սակայն Սմբատ Կարախանյանը մտահոգություն հայտնեց, որ շուտով կարող են ահազանգեր ստացվել բռնության ենթարկված հայրենակիցներից: