Խորհրդարանում երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Կառավարության կողմից ներկայացված Հարկային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ 78 կողմ, 19 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Քվեարկությունից առաջ վարման կարգով ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, թե նոր օրենսգիրքը չի համապատասխանում ՀՀ տնտեսության զարգացման պահանջներին, քանի որ այս նախագծում հակասահմանադրական դրույթներ կան, գրում է Tert.am-ը:
Նա պնդել է, թե կաթոլիկ եկեղեցին հարկվում է, իսկ առաքելականը՝ ոչ:
Երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ Բագրատյանն առաջարկում էր հարկել առաքելական եկեղեցին:
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ «տաս էջանոց առաջարկությունների մեծ մասը մերժվել է»:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի որակմամբ՝ այս նախագիծը «նահանջ է փոքր ու միջին բիզնեսի համար»: «ԲՀԿ կուսակցական պատգամավորները չեն մասնակցի քվեարկությանը»,-ասել է նա:
Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ առաջարկել է հետաձգել քվեարկությունը՝ ասելով, որ այս նախագիծն ավելացնում է հարկատուների բեռը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ դժգոհել է, որ իրենց փորձագետները հրավիրված չեն եղել քննարկումներին: Զուրաբյանին հակադարձել է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը. «Պարոն Սահակյան, ես էլ բողոք ունեմ ձեզանից ու ԱԺ աշխատակազմից, ինչի՞ ինձ հրավիրատոմս չեք տվել»,-ասել է նա՝ հավելելով, որ հանձնաժողովում 25 քննարկում է եղել:
Հարկային նոր օրենսգրքով եկամտահարկի սանդղակն էապես վերանայվել է: Առաջարկվում է 120.000-150.000 դրամ աշխատավարձի դեպքում կիրառել 23% դրույքաչափ, 150.000-ից մինչև 2 մլն դրամի դեպքում՝ 28%, իսկ 2 մլն դրամից ավելի աշխատավարձի դեպքում պահպանվելու է գործող դրույքաչափը՝ 36%: Շրջանառության հարկի հարկման շեմը նախկին 40 մլն դրամի փոխարեն կսահմանվի 58. 35 մլն դրամ: