Թուրքիայի դեսպան Հուսեյն Կարսլիօղլուն վերադարձել է Բեռլին: Անկարան հետ էր կանչել դեսպանին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո:
ԳԴՀ ԱԳՆ-ն ողջունել է դեսպանի վերադարձը և դա կարևոր դրական քայլ է համարել երկկողմ հարաբերություններում: Այդ մասին ասվում է ԳԴՀ ԱԳՆ քարտուղար Մարկուս Էդերերի հայտարարության մեջ:
«Ուրախ եմ, որ իմ թուրք պաշտոնաիկիցը` դեսպան Կարսլիօղլուն վերադարձավ Բեռլին, երպեսզի կրկին ներկայացնի իր երկիրը Գերմանիայում…Այդ վերադարձեը ես ընկալում եմ որպես կարևոր դրական տեղաշարժ րեկկողմ հարաբերություններում»,-ասվում է Էդերերի հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին:
Էդերերը հոկտեմների 7-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ-ում Թուրքիայի դեսպանի հետ, ասվում է հայտարարության մեջ:
Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:
Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է օսմանյան կառավարության կողմից օսմանյան հողերում բնակվող հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։