Անհայտ անձը պայթեցրել է իրեն Աբխազիայի պետական հեռուստատեսության համալիրի տարածքում: Այդ մասին հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարար Ասլան Կոբախիան, հայտնում է «Sputnik-Աբխազիան»:
«Հեռուստատեսության տարածքում մարդ է իրեն պայթեցրել: Ակնհայտ երևում էր, որ նա ռումբ ունի: Հավանաբար նա միայնակ չի եղել: Օպերատիվ աշխատանք է տարվում: Աշխատում են Աբխազիայի բոլոր ուժային կառույցները»,-հայտարարել է Կոբախիան:
Պայթյունը որոտացել է տեղի ժամանակով 7:05-ին` Մոսկվայի ժամանակով 6:05-ին: Ոճրագործի ինքնությունը դեռ չի հաջողվել պարզել:
Աբխազիայի իշխանություններն ահաբեկչության փորձ են որակել պայթյունը: «Դա ահաբեկչության փորձ էր, ահաբեկչից բացի այլ մարդ չի տուժել»,-ասել է Աբխազիայի նախագահի աշխատակազմի ԶԼՄ-ների հետ գործակցության վարչության պետ Ալխաս Գագուլիան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա հավելել է, որ «իրավիճակը Սուխումում ընդհանուր առմամբ հանգիստ է, խուճապ չկա»: