24 մայիսի 2007 - 18:59 AMT
Բաքու. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները զբաղվում են միայն տեխնիկական հարցերով
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում զբաղվում են միայն տեխնիկական հարցերով, նրանք չեն կարող ազդել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների վրա եւ հակամարտող կողմերի արտգործնախարարների վրա»,-Բաքվում հայտարարել է քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը «Ղարաբաղն երեկ, այսօր, վաղը» խորհրդաժողովում:
Նրա խոսքերով, պարզամտություն կլինի որեւէ արդյունքի սպասել համանախագահների տարածաշրջան կատարած հերթկան այցից: «Ադրբեջանի իշխանությունները եւ հասարակությունը ղարաբաղյան հարցի լուծման գործում ոչ մի զիջման չեն գնա, որը կհակասի ԱՀ տարածքային ամբողջականությանը: Բնակչության շրջանում հարցման արդյունքում հայտնի է դարձել, որ ադրբեջանցիների 75 տոկոսը համաձայն չէ զիջումների գնալ ղարաբաղյան կարգավորման հարցում»,-ընդգծել է Մուսաբեկովը:
Ըստ քաղաքագետի, իր օգտին իրավիճակը փոխելու համար Ադրբեջանը պետք է ցույց տա իր ռազմական եւ տնտեսական հզորությունը, ինչն, անկասկած, դրական ազդեցություն կունենա բանակցությունների արդյունքի վրա, գրում է «Թրենդ» գործակալությունը: