18 հոկտեմբերի 2016 - 14:22 AMT
Թուրքիան դուրս է գալիս «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրից. Պատճառը՝ Ցեղասպանության հարցում Թուրքիային դեմ «քայլերն են»

Թուրքիան դուրս է գալիս «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրից: Պատճառը, ըստ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջընի, այն է, որ նախագիծն աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի դեմ իրականացվող քայլերին:

Թուրքական Sondakika լրատվամիջոցին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ նախարարը նկատի է ունեցել «Ստեղծագործ Եվրոպա»-ի կողմից Գերմանիայի Դրեզդեն քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի պատրաստած Հայոց ցեղասպանությանը նվիրված «Աղետ» համերգային նախագծին ցույց տված 200մլն եվրոյի աջակցությունը: Իսկ վերջերս Թուրքիան արդեն կասեցրել էր իր մասնակցությունը «այդ նախագծին հենց այդ աջակցության պատճառով:

«Մինչ այժմ մեր առաջ քաշած պայմանների կատարման մասին որևէ հստակ բան չի ասվել: Դրա համար էլ կառավարության որոշմամբ մենք դուրս ենք գալու»,- նշել է նախարարը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախումբն իր «Աղետ» համերգային ծրագրով հանդես կգա Թուրքիայում. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ստեղծագործությունը նոյեմբերի 13-ին կհնչի Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանում:

«Ստեղծագործ Եվրոպան» 1.460 մլրդ եվրո բյուջեով նախագիծ է, որն աջակցում է Եվրոպայում 2014-2020թթ. իրականացվող մշակութային ձեռնարկումներին: Ծրագրին միացած երկրները, որոնց թվում էր նաև Թուրքիան, տարեկան որոշակի գումար են հատկացնում ընդհանուր բյուջե, որն էլ ծախսվում է անդամ երկրների մշակութային նախագծերին աջակցելու համար: