Պոլսահայ լրագրող, խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով գլխավոր կասկածյալներից մեկը՝ Թուրքիայի հետախուզության գլխավոր շտաբի ղեկավար, Տրապիզոնի հետախուզական շտաբի նախկին պետ Էնգին Դինչը նշանակվել է Էսքիշեհիրի նահանգի գլխավոր ոստիկանապետ, հաղորդում է«Ակոս»-ի կայքը:
Դինքի սպանության գործով վերաբացված դատավարությունում մեղադրյալների թվում են Թուրքիայի ազգային ոստիկանության հետախուզության վարչության նախկին ղեկավար Էնգին Դինչը, այդ պաշտոնում նրա նախորդը՝ Ռամազան Աքյուրեքը, Ստամբուլի ոստիկանության նախկին պետ Ջելալեթին Ջերահը և Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը: Նրանք չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները:
Նշվում է նաև, որ դինքի սպանության գործով մշտապես հետաձգվող դատավարություններն ու Էնգին Դինչի նոր պաշտոնը խիստ վրդովվեցրել են հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների:
Թուրքիայում վերսկսվել է «Ակոս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը: Ապրիլի 19-ին Ստամբուլում վերաբացված դատավարությունում 34 մեղադրյալի թվում ներգրավված են Թուրքիայի անվտանգության ուժերի և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ:Դինքի ընտանիքի փաստաբանները հույս ունեն, որ դատարանը կապացուցի պետական պաշտոնյաների առնչությունը դավադիր սպանությանը: