27 հոկտեմբերի 2016 - 16:52 AMT
Արցախին տրամադրվող ՀՀ վարկը կավելացվի ավելի քան 3 մլրդ դրամով

ՀՀ կառավարության հոկտեմբերի 27-ի նիստում որոշում է կայացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող միջպետական վարկի գումարն ավելացնել ավելի քան 3 մլրդ դրամով:

«Որոշումը պայմանավորված է ԼՂՀ-ին ՀՀ պետական բյուջեից տրամադրվող բյուջետային վարկի գումարն ավելացնելու անհրաժեշտությամբ»,- կառավարության նիստին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, գրում է Aysor.am-ը:

ԼՂՀ-ին տրամադրվող բյուջետային վարկի գումարը, ըստ ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման, կազմում է մոտ 47 մլրդ 267 մլն դրամ, սակայն նշված գումարը, ԼՂՀ վարչապետի գրության համաձայն, չի բավարարում ԼՂՀ կառավարության կողմից տարեկան նախատեսված ծավալով ծրագրերը ֆինանսավորելու համար:

Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի 2016թ. պետական բյուջեի «Միջպետական վարկ ԼՂՀ-ին» ծրագրի գծով նախատեսված հատկացումներն ավելացվում են 3 մլրդ 303 մլն դրամով: