Բելառուս աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Մինսկում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հոկտեմբերի 27-28-ն աշխատանքային այցով գտնվում է Բելառուսի Հանրապետությունում:
Ընդգծելով այն հանգամանքը, որ երկու երկրներին նախևառաջ կապում են դաշնակցային-ռազմավարական հարաբերությունները, Կարապետյանն ու Մեդվեդևը կարևորել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու ուղղությամբ իրականացվող քայլերը՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի և Ռուսաստանի ներգրավվածությունը նոր հնարավորություններ և հեռանկարներ է ուրվագծում, հայտնում է Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հայաստանի վարչապետը հոկտեմբերի 27-ին Բելառուսի մայրաքաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների` նեղ կազմով նիստին հաջորդել են ընդլայնված կազմով խորհրդի աշխատանքները: