Ադրբեջանական «Զերկալո» թերթի մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը քաղաքական ապաստան է խնդրել Շվեյցարիայում, հայտնել է նրա փաստաբան Ֆուադ Աղաևը «Թուրան» գործակալությանը:
Միրկադիրովը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման պետական դավաճանության մեղադրանքով: Իշխանությունները պնդում էին, թե Միրկադիրովին «անդամագրել է» իրավապաշտպան Լեյլա Յունուսը «հայկական հետախուզության համար աշխատելու նպատակով»:
Միրկադիրովն այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն էր Լեյլա Յունուսը:
Այդ մեղադրանքը ոչ մի ապացույց չստացավ դատարանում, սակայն, այնուամենայնիվ, լրագրողը 2014-ին դատապարտվեց և գրեթե 2 տարի անցկացրեց անազատության մեջ և ազատ արձակվեց պայմանականորեն միջազգային հանրության հզոր ճնշման արդյունքում, հայտնում է contact.az-ը:
Միջազգային կազմակերպությունները Միրկադիրովին քաղբանտարկյալ էին համարում:
Մինչ ձերբակալությունը Միրկադիրովը «Զերկալոյի» սեփական թղթակիցն էր Թուրքիայում, որտեղ և ձերբակալվեց ու արտաքսվեց Ադրբեջան: Նրա ընտանիքը մնաց Թուրքիայում առանց գոյության միջոցների: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների աջակցությամբ և Շվեյցարիայի իշխանությունների ջանքերով Միրկադիրովի կինն ու երկու երեխաներն ապաստան ստացան այդ երկրում: 3 ամիս առաջ Միրկադիրովին թույլատրեցին այցելել ընտանիքի անդամներին:
Լրագրողն ապաստան ստանալու իր ձգտումը բացատրել է Շվեյցարիայում հաստատված ընտանիքի հետ վերամիավորվելու ցանկությամբ, ինչպես նաև պահպանվող սպառնալիքով իր ազատությանն ու առողջությանը, քանի որ նրա դեմ մեղադրանքը դեռ հանված չէ:
Լեյլա և Արիֆ Յունուսները ևս հեռացել են Ադրբեջանից, նրանք արտագաղթել են Նիդերլանդներ:
Վերջին տարիներին Ադրբեջանում ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա: