Նոյեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ջակարտայում հանդիպել է Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության՝ ԱՍԵԱՆ-ի, գլխավոր քարտուղար Լե Լուոնգ Մինին:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԱՍԵԱՆ, ինչպես նաև Հայաստանի և ԱՍԵԱՆ-ի անդամ պետությունների միջև համագործակցության զարգացման հնարավորություններին:
Գլխավոր քարտուղար Մինը ներկայացրել է ԱՍԵԱՆ-ի շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները, իրականացվող ծրագրերը, ընկերակցության հիմնումից ի վեր տնտեսական փոխգործակցության խորացման արդյունքները, անդամ պետությունների համար ստեղծված նոր հնարավորությունները, կազմակերպության հեռանկարները:
Հանդիպման օրակարգում էր Եվրասիական տնտեսական միության և Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության փոխգործակցության հնարավորությունը: Լե Լուոնգ Մինը այդ առումով նշել է, որ ԱՍԵԱՆ-ը հետաքրքրված է նման համագործակցությամբ, և այդ ուղղությամբ արդեն իսկ որոշակի քայլեր են ձեռնարկվում ինչպես անդամ երկրների, այնպես էլ ընկերակցության կողմից: Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել այդ ջանքերին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ԱՍԵԱՆ-ը Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցություն է, որին անդամակցում են Թաիլանդը, Ինդոնեզիան, Սինգապուրը, Բրունեյը, Մալայզիան, Կամբոջան, Ֆիլիպինները, Վիետնամը, Լաոսը և Մյանման: