ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման և ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը հանդիպել են Սպիտակ տանը: Թրամփը հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է հանդիպել Օբամայի հետ Սպիտակ տանը:
Օբաման հրավիրել էր հանրապետականին նախագահական լիազորությունների սահուն փոխանցումը քննարկելու համար:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ոգեշնչված է «իրենց գերազանց զրույցով հարցերի լայն շրջանակի վերաբերյալ»:
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնստը ավելի վաղ նշել էր, որ Օբաման անկեղծ էր, երբ խոստացավ ապահովել լիազորությունների սահուն անցումը, սակայն հավելել է. «Ես չեմ ասում, թե հանդիպումը հեշտ է լինելու»:
Թրամփի կինը` Մելանյան ուղեկցում էր ամուսնուն և հանդիպել է Միշել Օբամայի հետ:
Թրամփը Նյու Յորքից Վաշինգտոն է մեկնել մասնավոր ինքնաթիռով: Նա խախտել է կանոնակարգն ու թույլ չի տվել լրագրողներին, լուսանկարիչներին և օպերատորներին ուղեկցել իրեն, ինչպես դա սովորաբար լինում է:
ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո:Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 ընտրիչների քվե: