15 նոյեմբերի 2016 - 16:07 AMT
Եվրախորհրդարանի նախագահը կարող է Գերմանիայի ԱԳ նախարար դառնալ

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը կարող է զբաղեցնել Գերմանիայի ԱԳ նախարարի պաշտոնը գործող նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հեռանալուց հետո: Շուլցը նրա կուսակիցն է, հայտնում է ՏԱՍՍ-ը գերմանական Die Welt-ի վրա հղումով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կարող է ընտրվել Գերմանիայի նախագահի պաշտոնում:

Նշվում է, որ Շուլցը «առավել հավանական թեկնածուն է» նախարարի պաշտոնի համար: «Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Զիգմար Գաբրիելը, որը Շուլցի ընկերն է, նոյեմբերի 14-ին չի պատասխանել այդ հարցին, սակայն կուսակցությունում հուսով են, որ հենց Շուլցը կգլխավորի ԱԳՆ-ն»,-ասել է պարբերականի աղբյուրը:

Նրա հետ կարող է մրցակցել միայն Բունդեսթագում այդ կուսակցության խմբակցության ղեկավար Թոմաս Օպերմանը: Սակայն այդպիսի սցենարը քիչ հավանական է, գրում է պարբերականը:

ԳԴՀ իշխող կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների` Քրիստոնյա դեմոկրատական և Քրիստոնյա սոցիալիստական կուսակցությունների դաշինքն ու Գերմանիայի Սոցիալ ժողովրդավարական կուսակցության առաջնորդները պայմանավորվածության են եկել Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ: