Ռուսական «Ծովակալ Կուզնեցով» ավիակիրը մասնակցել է Սիրիայում ընթացող մարտական գործողություններին: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Հարվածներն ավիակրի տախտակամածից հասցրել են Սու-33 կործանիչները:
Շոյգուն հավելել է, որ ռուսական Օդատիեզերական ուժերը գործողություն են սկսել Իդլիբ և Հոմս գավառներում: Թիրախները հրթիռակոծվել են թևավոր հրթիռներով «Ծովակալ Գրիգորովիչ» ռազմանավից, որը մտնում է Միջերկրական ծովում տեղակայված ավիակիրների կազմի մեջ, հայտնում է Meduza-ն:
Syrian Observatory for Human Rights-ի իրավապաշտպանները նշել են, որ 3-շաբաթական դադարից հետո վերսկսվել են ավիահարվածները Հալեպի արևելյան հատվածում, որտեղ կենտրոնացած են ընդդիմադիր խմբավորումների ուժերը: Թե հատկապես ում ավիացիան է հարվածներ հասցնում, չի նշվում:
Նոյեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ «Ծովակալ Կուզնեցովի» ավիացիայի խմբի մեջ մտնող ՄիԳ կործանիչներից մեկն ընկել է Միջերկրական ծովը: Ինքնաթիռը չի կարողացել վերադառնալ նավի տախտակամած տեխնիկական պատճառներով: Օդաչուն հասցրել է փրկվել կատապուլտի միջոցով և չի տուժել: