ՀՀ կենտրոնական բանկը հերքել է բանկոմատների վրա խոշոր կիբերհարձակման մասին լուրերը:
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը իր ենթակայության և սպասարկման ոլորտում գտնվող համակարգերի անվտանգության ապահովման համար ներդրել է միջազգային լավագույն փորձը և տեխնոլոգիաները, ինչի շնորհիվ ԿԲ համակարգերն ունեն պաշտպանվածության բարձր մակարդակ»,- նշվում է հաղորդագրության տեքստում:
ԿԲ-ից հայտնում են, որ ՀՀ բանկային համակարգում նպանատիպ հարձակումների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան, ինչը հաստատվել է ՀՀ ԿԲ համապատասխան մարմինների լրացուցիչ հարցումների արդյունքում:
Անվտանգության նկատառումներից ելնելով ԿԲ-ն առաջարկել է քարտապաններին ևս մեկ անգամ ծանոթանալ բանկոմատներից և ՊՈՍ տերմինալներից օգտվելու անվտանգության կանոններին:
Նոյեմբերի 22-ին հայտնի է դարձել, որ միջազգային հանցավոր խումբը մի շարք հեռահար կիբեռհարձակումներ է իրականացրել ավելի քան 10 երկրի, այդ թվում՝ Հայաստանի, Ռուսաստանի, ԱՊՀ այլ պետությունների և Եվրամիության բանկոմատների վրա: Կիբեռհանցագործությունների և խարդախությունների կանխման և հետաքննության ռուսական Group-IB ընկերությանը հղումով Reuters գործակալությունը հայտնել է, որ հարձակման են ենթարկվել նաև Բելառուսի, Ղրղզստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Իսպանիայի բանկերը: Տուժած բանկերի և կորուստների չափերի մասին տեղեկություններ չեն ներկայացվում:
Կարդացեք նաև՝Հաքերները հարձակվել են ՀՀ և ԱՊՀ երկրների բանկոմատների վրա