Ավստրիայի խորհրդարանն ընդունել է 6 քաղաքական կուսակցությունների նախաձեռնությունը զենքի արտահանումը Թուրքիա կասեցնելու մասին: Պատգամավորները կոչ են անում երկրի իշխանություններին դադարեցնել զենքի և զինամթերքի արտահանման թույլտվությունների տրամադրումն այն երկրներ, որտեղ ռազմական դրություն է կամ որտեղ կա զինված հակամարտության վտանգ, հայտնում է Ռոսբալտը:
Նշվում է, որ փաստաթղթում հատուկ շեշտադրված է Թուրքիան, որտեղ «խախտվում են մարդու իրավունքները, իսկ ներկրված զենքը կարող է կիրառվել ընդդիմության դեմ», ասվում է փաստաթղթում:
«Մենք դեմ ենք դիպուկահար զենքի արտահանմանը Թուրքիա»,-մեջբերում է պարբերականը Կանաչների կուսակցությունից պատգամավոր Պետեր Պիլցի խոսքերը: Ըստ նրա, մյուս երկրները ևս պետք է հետևեն Վիեննայի օրինակին:
Փաստաթուղթը իրավաբանորեն պարտավորեցնող չէ, սակայն, հատկանշական է, որ Ավստրիան ԵՄ առաջին երկիրն է, որը նման որոշում է կայացնում:
Ավելի վաղ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը բացահայտ հայտարարել էր, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին բացառված է: «Եվրոպան Թուրքիայի տեղը չէ»,-ասել է Կուրցը: Նա քննադատել է այն իրողությունը, որ ԵՄ որոշ երկրների կառավարությունները Թուրքիայի հետ ապօրինի ներգաղթյալների մասին պայմանագրի պատճառով փորձում են «ձևացնել, թե ոչինչ չի կատարվում»: Ավստրիացի նախարարն ասել է, որ Թուրքիան, հետապնդելով և ձերբակալելով ընդդիմության ներկայացուցիչներին ու մահապատիժը վերականգնելու մտադրությամբ «գնալով ավելի բացասական ուղղությամբ է շարժվում»: