2016-ի նոյեմբերի 25-ին վրացական Ռուսթավիում տեղի է ունեցել ԵՄ կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության տարածքային համագործակցության Հայաստան-Վրաստան ծրագրին նվիրված հանդիպումը: Այդ ծրագիրը միավորում է անդրսահմանային գործակցության 9 նախագիծ` ներկայացվել են այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների արդյունքները Հայաստանում և Վրաստանում:
Նախագծերի ղեկավարները հաշվետու են եղել վերջին արդյունքների մասին կառավարության, տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության և Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի ազգային հարթակի ներկայացուցիչներին Հայաստանից և Վրաստանից, գրում է Apsny.ge-ն:
Նախագծերը մեկնարկել են 2015-ի հոկտեմբերին: Նախագծերից մեկն, օրինակ, ուղղված է Ջավախի և Շիրակի էկոհամակարգի պահպանմանը: Արևելյան գործընկերության տարածքային համագործակցության ծրագրի նպատակն է աջակցել հարևան երկրների սահմանամերձ շրջանների տեղական իշխանությունների, համայնքների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցությանը և դա կատարել սոցիալական ու տնտեսական ընդհանուր մարտահրավերները, ընդհանուր խնդիրները լուծելու միջոցով:
Արևելյան գործընկերության այս ծրագիրը իրականացվում է Մոլդովա - Ուկրաինա, Հայաստան - Վրաստան, Ադրբեջան - Վրաստան և Բելառուս - Ուկրաինա սահմանային շրջաններում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր սահմանային գոտու առանձնահատկությունները: Ամբողջ ծրագիրն իրականացվում է 12,5 միլիոն եվրոյով: Հայաստան-Վրաստան համագործակցության մասով ԵՄ ֆինանսավորումը 1,35 մլն է: