5 դեկտեմբերի 2016 - 13:51 AMT
Թրամփի նախաձեռնությամբ Պենտագոնը կվերանայի ԻՊ դեմ պայքարի ռազմավարությունը

ԱՄՆ ռազմական ղեկավարությունը կվերանայի «Իսլամական պետության» դեմ պայքարի ռազմավարությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը:

Ըստ նրա, դա կարող է տեղի ունենալ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ, գրում է Deutsche Welle-ն:

Ելույթ ունենալով Ագային պաշտպանական համաժողովում` Դանֆորդը հայտնել է Թրամփի անցումային թիմի հետ հանդիպման մասին: Գեներալը չի հստակեցրել, թե տվել է արդյողք խորհուրդներ Թրամփի թիմին` նշելով, որ խորհրդակցությունները կշարունակվեն առաջիկա շաբաթների ընթացքում:

Նախընտրական արշավի ժամանակ Թրամփը բազմիցս է քննադատել Բարաք Օբամային ԻՊ դեմ գործողությունների համար` համարելով դրանք անարդյունավետ:

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե: Ընտրիչների ձևական բնույթ կրող քվեարկության ընթացակարգը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ 2017-ի հունվարի 6-ին Կոնգրեսը կհաստատի արդյունքները: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2017-ի հունվարի 20-ին: