Եվրամիության անդամներն ու Եվրախորհրդարանը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ տրամադրելու վերաբերյալ, հայտնում է Reuters-ն անանուն աղբյուրների վրա հղումով:
Ըստ գործակալության, համաձայնությունը վերաբերում է մեխանիզմի պայմաններին, որով կարելի է արտակարգ դեպքերում կասեցնել առանց վիզաների ռեժիմը: Համաձայնությունը ձեռք է բերվել դեկտեմբերի 7-ի ուշ երեկոյան:
Ավելի վաղ ԵՄ Խորհուրդը պնդում էր, որ ռեժիմն ուժի մեջ մտնի կասեցման նոր մեխանիզմի հետ միաժամանակ, որը Եվրահանձնաժողովը կարող է գործարկել սեփական նախաձեռնությամբ կամ Եվրամիության անդամներից մեկի պահանջով:
2015-ի դեկտեմբերին Եվրահանձնաժողովը հայտնել է, որ Ուկրաինան և Վրաստանը կատարել են ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման բոլոր պայմանները, սակայն Բրյուսելը դեռ համապատասխան որոշում չի կայացրել: