Մեծ Բրիտանիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումները 6 մարդ են ձերբակալել ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով: Ըստ Հյուսիսարևելյան Անգլիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումները 4 անձի են ձերբակալել Դերբի քաղաքում: Ձերբակալվածները 22-36 տարեկան են: Եվս 1 անձ ձերբակալվել է Բերթոն Թրենթում:
Բացի այդ, Լոնդոնում 32-ամյա կին է ձերբակալվել: Կատարվել են խուզարկություններ` 6 հասցեում:
«Մենք կոչ ենք անում բնակչությանը պահպանել զգոնությունը»,-ասվում է հակաահաբեկչական ստորաբաժանման հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը Reuters-ի վրա հղումով:
2013-ից ի վեր Բրիտանիայի հատուկ ծառայություններին հաջողվել է 12 ահաբեկչություն կասեցնել երկրի տարածքում: Միայն 2015-ին ահաբեկչական գործողության կասկածանքով 315 մարդ է ձերբակալվել: Ըստ գնահատականնեի, ընդհանուր առմամբ Բրիտանիայի 800 քաղաքացի է մեկնել Իրաք և Սիրիա` մասնակցելու մարտական գործողություններին ծայրահեղականների շարքերում:
Ահաբեկչական սպառնալիքը Մեծ Բրիտանիայում գնահատվում է որպես «լուրջ»: