12 դեկտեմբերի 2016 - 17:59 AMT
ԱՆ. Դեղերի՝ հատիկով բաց թողնման արգելք չի նախատեսվում

«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո շարունակվելու է հատիկով դեղերի վաճառքը:

Այդ մասով սահմանափակում չի նախատեսվում, և նոր օրենքում դեղատներից դեղերի հատիկով (ոչ ամբողջական տուփով) վաճառքն արգելող որևէ դրույթ կամ ձևակերպում չկա, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ այս դրույքը գործում է և գործելու է «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 14-ին ստորագրել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի ու հարակից այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու մասին փաթեթը:

Օրենսդրական նոր լուծումներով դեղերի շրջանառության բնագավառի առանցքային հասկացություններում բացառվելու են տարընթերցումները, սահմանվելու են դեղային պետական քաղաքականության հիմնական սկզբունքները` որպես հիմնական նպատակ որդեգրելով դեղերի ֆիզիկական և ֆինանսական մատչելիության և դեղապահովման ոլորտում սոցիալական արդարության ապահովումը:Նախագծով կարգավորվում են նաև դեղատնային գործունեությանը ներկայացված պահանջները:Բարձրացվում է գործող մի շարք տուգանքների չափերը:

Սահմանվում է քրեական պատասխանատվություն կեղծ դեղերի արտադրության համար, (ներկայումս սահմանված է պատասխանատվություն միայն պատրաստման համար) դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքների կեղծման կամ թաքցնելու համար, եթե դա անզգուշությամբ միջին ծանրության կամ ծանր վնաս է հասցրել առողջությանը կամ առաջացրել մարդկանց մահ: