Կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում որոշում է ընդունվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոն» մասնաճյուղ:
Այն գործելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Գանձասար» վանական համալիրի նախկին դպրատան տարածքում՝ ԼՂՀ օրենսդրությանը և իր կանոնադրությանը համապատասխան:
2015-ի նոյեմբերի 21-ին Արցախի Գանձասար վանական համալիրի հարակից տարածքում բացվել է «Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան - Գանձասար» գիտամշակութային կենտրոնի՝ Մատենադարանի մասնաշենքը:
Նախաձեռնելով Արցախում հայկական երկրորդ Մատենադարանի հիմնումը` «Փյունիկ» հիմնադրամը նպատակ է ունեցել հայկական հնագույն բնակավայրում հավաքել և ցուցադրել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-ինստիտուտում պահված բոլոր ձեռագրերը, որոնք ստեղծվել են Արցախում, մասնավորապես` Գանձասար վանական համալիրում, որը եղել է հայկական հնագույն գրչության կենտրոններից: