Գերմանիայում 2 անձ է ձերբակալվել, որոնց կասկածում են Օբերհաուզենի առևտրի կենտրոնում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Ըստ իրավապահ մարմինների ներկայացուցիչների, ձերբակալվածները Կոսովոյից են, նրանք հարազատ եղբայրներ են, գրում է Lenta.ru-ն Spiegel Online-ի վրա հղումով:
Դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատար մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում: Ոստիկանությունը հաստատել է, որ բեռնատարը միտումնավոր է թիրախավորել Breitscheidplatz-ում հավաքված մարդկանց: Բեռնատարի խցիկում 2 մարդ է եղել. մեկը զոհվել է, մյուսին ոստիկանները ձերբակալել են: Ըստ գերմանական ԶԼՄ-ների, ողջ մնացածը Պակիստանի քաղաքացի է: Սակայն, ավելի ուշ նրան ազատ են արձակել հանցանշանների բացակայության պատճառով:
Այժմ քննիչները փորձում են պարզել պատրաստվող հարձակման հավանական մասնակիցներին, ինչպես նաև այն, թե որքանով են առաջ անցել հանցագործները նախապատրաստման գործում:
Դեկտեմբերի 22-ին գերմանական ոստիկանությունը լայնածավալ հատուկ գործողություն է իրականացրել պոտենցիալ ահաբեկիչներին ի հայտ բերելու նպատակով: Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության գործով պաշտոնապես հետախուզման մեջ է գտնվում թունիսցի Անիս Ամրին: Նա 24 տարեկան է: Դաշնային դատախազությունն ահաբեկչի մասին տեղեկությունների համար, որի արդյունքում նա կձերբակալվի, €100.000 պարգևավճար է նշանակել: