Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեկտեմբերի 23-ին հայտարարել է, որ ավարտվել են Էբոլա վիրուսի դեմ փորձարարական պատվաստանյութի փորձարկումները, որոնց արդյունքում հաստատել է նրա «բարձր արդյունավետությունը»: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության կայքում:
«Թեև համոզիչ արդյունքներն արդեն թույլ չեն տա փրկել համաճարակի զոհերին Արևմտյան Աֆրիկայում, սակայն, թույլ կտան առավել պաշտպանված լինել հաջորդ բռնկման դեպքում»,-ասել է ԱՀԿ ղեկավարի օգնական Մարի Փոլ Քիսնին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
rVSV-ZEBOV պատվաստանյութի թեստավորումը կատարվել է 2015-ին Գվինեայի Հանրապետությունում: Փորձարկումներին մասնակցել է ավելի քան 11.000 մարդ: 5837 պատվաստվածներից ոչ մեկը չի վարակվել պատվաստումից հետո 10 և ավելի օրվա ընթացքում: Պատվաստում չստացածների թվում նույն ժամանակահատվածում գրանցվել է հիվանդացության 23 դեպք:
Պատվաստանյութի արտադրողն է MSD դեղագործական ընկերությունը:
Ըստ ԱՀԿ տվյալների, 2014-2015թթ. Արևմտյան Աֆրիկայում Էբոլային զոհ է գնացել 11.000 մարդ: Մահացու դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Գվինեայում: