Թուրքիայի կրթության նախարարությունը հանել է Չարլզ Դարվինի էվոլյուցիայի տեսությունը դպրոցների համար նախատեսված կրթական ծրագրից, հայտնում է Haberturk-ը:
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2017-ին: 12-րդ դասարանների համար նախատեսված կենսաբանության դասագրքերից կհանվի «Կյանքի ծագումը և էվոլյուցիան» թեման: Փոխարենը դպրոցականները կուսումնասիրեն կենդանի էակների վրա շրջակա միջավայրի ազդեցության մասին բաժինը:
Ուսանողներին կդասավանդվի հուլիսի 15-ի խռովության մասին դասընթաց, գրում է Republic-ը Turkish Minute-ի վրա հղումով:
Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար: