Հանրության շրջանում քննարկման և առավելապես քննադատության առարկա դարձած Երևանի Սուրբ Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցու նոր՝ ապակե դռան փոխարինում չի նախատեսվում: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:
«Հուշարձանների բնագավառի մասնագետների քննարկման արդյունքում ընտրվել է ներկայացված լուծումներից լավագույնը: Դռան բռնակը և նախշազարդ դաջվածքն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության հետ համաձայնեցված նախագծից շեղումով: Խնդիրը քննարկման փուլում է և առաջիկայում կտրվեն համապատասխան լուծումներ: Նոր դռան տարբերակ չի նախատեսվում», - ասաց Աբրոյանը:
Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Երևանի Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի անկյունում: Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին, ըստ արևմտյան պատի մարմարյա սալին փորագրած խաչքարի, կառուցվել է մեծ երկրաշարժից հետո՝ 1693-1695թթ.:Դարաշրջանի ճարտարապետական ոճն առանձնապես արտահայտված է բազմանիստ գմբեթի, զույգ որմնասյուներով ընդգծված թմբուկի և հովհարաձև վեղարի ձևերում:
Կարդացեք նաև՝ Ճարտարապետ. Սբ Կաթողիկեի ապակե դռան նախագիծը հաստատվել էր մշակույթի նախարարությունում