Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր կենտրոնական շրջանում հունվարի 16-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 թուրք ոստիկան է սպանվել:
Անհայտ անձինք նախօրոք ականապատել են ճանապարհի հարևանությամբ գտնվող գերեզմանոցի բետոնե ցանկապատը և այն պայթեցրել այն ժամանակ, երբ անցնելիս է եղել ոստիկանական մեքենան: Հզոր պայթյունի հետևանքով զրահապատ մեքենայի մեջ սպանվել է 4, վիրավորվել 2 ոստիկան, Demokrathaber.org-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Դիարբեքիրի նահանգապետարանի տարածած համապատասխան հայտարարության մեջ նշվում է, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել ահաբեկչական հարձակման մեղավորներին գտնելու նպատակով: Պայթյունն իրականացնելու կամ դրա հետ կապ ունենալու համար արդեն ձերբակալվել է 3 հոգի:
Ավելի վաղ՝ հունվարի 14-ին, Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Բիթլիս գավառում 2 թուրք զինծառայող է սպանվել, ևս 3-ը վիրավորվել է քրդերի հետ մարտերում: