18 հունվարի 2017 - 12:09 AMT
Հայկ Մարությանը դիտորդ է լինելու ԱԺ ընտրությունների ժամանակ

Դերասան Հայկ Մարությանը պատրաստվում է որպես դիտորդ մասնակցել 2017 թվականի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին: Նա փորձելու է այնպես անել, որ գոնե իր ընտրատեղամասում կեղծարարություններ չլինեն, գրում է Armtimes.com-ը:

«Ընտրությունների հետ կապված նվազագույնը, որ որպես քաղաքացի պետք է անեմ, այն է, որ ընտրատեղամասերից մեկում հանդես եմ գալու որպես դիտորդ և փորձելու եմ այդ տարածքում ապահովել նորմալ, արդար և թափանցիկ ընտրություններ»,- ասել է նա:

2017-ի հայաստանյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն կիրականացնեն նաև սփյուռքի ներկայացուցիչները: Սփյուռքի և Հայաստանի հայտնի հայերի կողմից ստեղծված «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության ստորագրահավաքին արդեն իսկ հազարավոր հայեր են միացելՍտորագրահավաքի նախաձեռնողների թվում են Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Ալեքս Օհանյանը, Քրիս Բոհջալյանը, Հասմիկ Պապյանը և Սեպուհ Սիմոնյանը: Նրանք պահանջում են վերջ դնել «կոռուպցիային, մենաշնորհներին, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը, անհավասար իրավունքներին, արտագաղթին և ընտրակեղծիքներին»: