18 հունվարի 2017 - 18:55 AMT
Դանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև կքննարկվի

Հունվարի 19-ին Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև կքննարկվի:

Բանաձևը խորհրդարանի օրակարգ է բերվել Enhedslisten և Alternativet կուսակցությունների կողմից, հեղինակներն են Նիկոլայ Վիլլումսենը և Ռասմուս Նորդքվիստը, հայտնում է Berlingske պարբերականը:

Դանիայի թուրքական կազմակերպությունները լայնամասշտաբ արշավ են անցկացնում նախաձեռնությունը տապալելու նպատակով: Դանիացի գործիչները, սակայն, նշում են` ժամանակն է, որ Դանիան դուրս գա Թուրքիայի ազդեցության տակից:

Գյուլլինգ քաղաքի թանգարանի ղեկավար Մոնս Հոյմարկը (թանգարանում են պահվում դանիացի միսիոներ Կարեն Եպպեի շնորհիվ հավաքված ցեղասպանության իսկության ապացույթները) մասնավորապես, նշել է. «Պատմաբաններն արդեն տվել են իրենց գնահատականը` տեղի ունեցածն անվանելով Ցեղասպանություն... այժմ հերթը քաղաքական գործիչներին է»:

2015 թվականին Դանիայի ԱԳՆ ղեկավար Մարտին Լիդերգաարդը հայտարարել էր, որ երկիրը պաշտոնապես Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում: Նույն թվականին մայրաքաղաք Կոպենհագենում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համալիր էր բացվել: