ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբաման կոչ է արել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին չկապել ՌԴ դեմ պատժամիջոցների չեղարկումը միջուկային սպառազինության կրճատման հետ:
«Ռուսաստանը շարունակում է զբաղեցնել Ուկրաինայի տարածքը և միջամտել Ուկրաինայի գործերին»,-ասել է Օբաման` պարզաբանելով դիրքորոշումն իր վերջին մամուլի ասուլիսում, գրում է Deutsche Welle-ն:
Ըստ նրա, պետք չէ այլ հարցերի հետ կապակցել այն, քանի որ պատժամիջոցների սահմանումը կոնկրետ պատճառներ ունի:
ՌԴ դեմ պատժամիջոցները գործում են 2014-ից, երբ Ղրիմը միացավ Ռուսաստանին:
Մյուս կողմից Բարաք Օբաման հավանություն է տվել միջուկային գործարքի վերաբերյալ ՌԴ հետ բանակցելու Թրամփի մտադրությանը: «Եթե Թրամփին հաջողվի իրոք վերսկսել այդ բանակցությունները, կարծում եմ, մեր երկրների համար շատ հնարավորություններ կլինեն կրճատելու մեր արսենալները»,-հայտարարել է նա:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում ՌԴ դեմ պատժամիջոցների չեղարկումը միջուկային ծրագրի կրճատման դիմաց: Այդ մասին նա հայտարարել է անգլիական Times-ին և գերմանական Bild-ին տված հարցազրույցներում:
Թրամփը հայտարարել է, որ կարելի է միջուկային սպառազինության կրճատման վերաբերյալ համաձայնագիր կնքել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման դիմաց: