ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է պետական բոլոր գերատեսչությունների ղեկավարներին՝ իրականացնել իրենց ոլորտների ներդրումային ծրագրերի գույքագրում և ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել այն ծրագրերի ցանկը, որոնցում կանխատեսվում է 2017 թ. ընթացքում ներդրումների իրականացում՝ հստակ նշելով կանխատեսվող ներդրումների ծավալները:
«Հաջորդ շաբաթ բոլոր գերատեսչությունները, կոմիտեները հանրությանը պետք է հաշվետվություն տան՝ 2017 թ. իրենց ոլորտում ինչ ներդրումներ են ակնկալվում, ներդրումների աղբյուրը կարող է լինել տարբեր՝ վարկային, բյուջետային և այլն: Մենք խոսել ենք յուրաքանչյուրի հետ, այդ թվերը ձեզ մոտ պատրաստ են, ամփոփ կներկայացնենք, թե կառավարությունն ինչ ներդրումային ծրագիր է ստանում», - ասել է վարչապետը:
ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը 2016-ի ամփոփոփիչ ասուլիսին տեղեկացրել է, որ հավաքագրվել է 160 ներդրումային ծրագիր: Դրանցից մոտ 110-ը հենց մարզերից է՝ մոտ 240 միլիոն դոլար արժողությամբ: