Հայաստանը Կանադայի ու Սինգապուրի հետ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրեր կկնքի: Կառավարությունը հունվարի 26-ի նիստում համաձայնություն է տվել փաստաթղթերի ստորագրման առաջարկությանը:
Նախագծերը ներկայացրել է Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, որից վարչապետը հետաքրքրվել է՝ «Կանադա ու Սինգապուր ե՞րբ ենք թռնելու ուղիղ», -գրում է Aysor.am-ը:
Ավետիսյանը նշել է, որ նախ անհրաժեշտ է ապահովել իրավական հիմքը: Ըստ Սիգապուրի հետ կնքվելիք փաստաթղթի նախագծի՝ համաձայնագրի կնքման արդյունքում օդային հաղորդակցությունների ոլորտում երկու պետությունների հարաբերությունները լիարժեք կկարգավորվեն միջկառավարական համաձայնագրի շրջանակում, ինչպես նաև համաձայնագրի կնքումը կնպաստի երկու պետությունների միջև զբոսաշրջության և տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Կառավարության նիստում հավանության է արժանացել նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանադայի կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի նախագիծը:
Նախագիծն ուղղված է օդային հաղորդակցությունների ոլորտում երկու պետությունների հարաբերությունների լիարժեք և պատշաճ իրավական կարգավորմանը, «Բաց երկնքի» քաղաքականության սկզբունքների ներդրմանը և երկու պետությունների ավիաընկերությունների համար ազատ մրցակցային դաշտի ապահովմանը:
Համաձայնագրի կնքման արդյունքում օդային հաղորդակցությունների ոլորտում երկու պետությունների հարաբերությունները լիարժեք կկարգավորվեն միջկառավարական համաձայնագրի շրջանակում, ինչպես նաև համաձայնագրի կնքումը կնպաստի երկու պետությունների միջև զբոսաշրջության և տնտեսական հարաբերությունների զարգացմանը: