Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկը գյուղտեխնիկայի վերազինումն ու արդիականացումն է: Այս մասին գյուղատնտեսական տեխնիկա արտադրող ռուսաստանյան մի շարք ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակության հետ հանդիպմանն ասել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։
«Առկա տեխնիկան մաշվածության պատճառով թույլ չի տալիս ապահովել ոլորտում բարձր բերքատվություն, մենք այժմ կազմակերպում ենք հանդիպումներ տարբեր ընկերությունների հետ` նրանց արտադրանքին ավելի մանրամասն ծանոթանալու և մատչելի գներով ձեռք բերելու համար: Մեր նպատակն է մինչև գարուն ունենալ գյուղտեխնիկա ներմուծող, որպեսզի սկսենք գյուղատնտեսական աշխատանքները», - նշել է նախարարը։
ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը նախարարը հյուրերին է ներկայացրել Հայաստանում լիզինգային եղանակով գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման նախագիծ, որը մասամբ սուբսիդավորվելու է պետության կողմից, որպեսզի վերջնական շահառուին գյուղտեխնիկան հասնի մատչելի գներով:
«Եթե մենք կարողանանք ներմուծել բարձրակարգ գյուղատնտեսական տեխնիկա, ապա կկարողանանք 20-30 տոկոսով բարձրացնել ոլորտի արդյունավետությունը և մեր ներքին արտադրանքը դարձնել ավելի մրցակցային», - ընդգծել է Առաքելյանը:
Աղբյուրը նշում է, որ հյուրերի տեղեկացմամբ որոշ ռուսաստանյան ընկերություններ շահագրգռված են նաև Հայաստանում կազմակերպել տրակտորների հավաքում:
Հանդիպման ընթացքում ռուսաստանյան ընկերությունների ներկայացուցիչները համառոտ ներկայացրել են իրենց գործարաններում արտադրվող տեխնիկան և հույս հայտնել, որ հայկական կողմին կհետաքրքրի առաջարկվող արտադրանքը:
ՀՀ կառավարության հունվարի 26-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանդիպել ՌԴ-ում և այլ երկրներում գյուղտեխնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ տեխնիկայի մատակարարման պայմանները քննարկելու նպատակով:«Մեկ ամսվա ընթացքում ներկայացնել Հայաստանում գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի նախագիծ»,- գյուղնախարարին հանձնարարել է վարչապետը: