31 հունվարի 2017 - 12:57 AMT
Մերկելը խստիվ քննադատել է Թրամփի քաղաքականությունը

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը խստիվ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի քաղաքականությունը, մասնավորապես, նրա հրամանագիրը 7 մահմեդական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ ժամանակավորապես արգելելու մասին:

«Ըստ իս, այդ գործողությունները հակասում են փախստականներին աջակցելու միջազգային սկզբունքներին և միջազգային գործակցությանը»,-հայտարարել է Մերկելը հունվարի 30-ին Բեռլինում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպմանը, հայտնում է Deutsche Welle.

Մերկելը փոխել է հայտարարության արդեն հաստատված տեքստը, որով պետք է ելույթ ունենար` ասելով, թե ցանկանում է անդրադառնալ «վերջին իրադարձություններին»: Ըստ գործակալության, արարողակարգի նման փոփոխությունները շատ հազվադեպ են արվում:

«Ահաբեկչության դեմ անհրաժեշտ և վճռական պայքարը ոչ մի դեպքում չի արդարացնում որոշակի մարդկանց կամ որոշակի դավանանքի բոլոր մարդկանց, այս դեպքում մահմեդականներին, կասկածի ենթարկելը»,-ասել է Մերկելը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վաշինգտոնն ԱՄՆ առաջին նահանգը կդառնա, որտեղ դատական կարգով կվիճարկվի ներգաղթի խստացման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որով ժամանակավորապես արգելվում է մուտքն ԱՄՆ մահմեդական 7 երկրի քաղաքացիներին:

Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 120 օրով կասեցվում է փախստականների մուտքն ԱՄՆ, անորոշ ժամանակով կասեցվում Սիրիայից ժամանող փախստականների ընդունումը (որոշ բացառություններով սիրիացի քրիստոնյաների համար) և խստացվում են ԱՄՆ մուտք գործելու կանոնները: Բացի այդ, Թրամփն 90 օրով սահմանափակել է մուտքն ԱՄՆ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրների համար, որոնք, սակայն, չեն նշվում:Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը: