Եվրախորհրդարանը հետաձգել է Վրաստանի համար վիզաների չեղարկման մասին տեխնիկական պայմանավորվածության վերաբերյալ քվեարկությունը, որը պետք է անցկացվեր փետրվարի 2-ին Բրյուսելում կայանալիք ընդլայնված նիստում: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը Եվրախորհրդարանի վրա հղումով:
«Վրաստանի համար վիզաների չեղարկման հարցում ԵՄ Խորհրդի և Եվրախորհրդարանի միջև պայմանավորվածությունների վերաբերյալ քվեարկությունը հետաձգվել է»,-ասել են մամուլի ծառայությունում:
2016-ի դեկտեմբերի 15-ին հայտարարվել էր, որ Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար կարճատև ուղևորությունների դեպքում մուտքի արտոնագրերի չեղարկմանը, և որ որոշումը պետք է հաստատվի ԵՄ Խորհրդի կողմից: Եվրախորհրդարանի Վրաստանի գծով զեկուցող Անդրես Մամիկինսը հայտարարել էր, որ 2017-ի ապրիլից Վրաստանի քաղաքացիները կկարողանան Եվրոպա մեկնել առանց մուտքի արտոնագրի:
Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման մասին համաձայնագիրն ուժի մեջ պետք է մտնի ԵՄ գործընկեր ցանկացած երկրի մասով առանց վիզաների ռեժիմի կասեցման մեխանիզմի հետ միաժամանակ: