Գովազդի արգելափակման մակարդակը Հայաստանում այժմ 5% է: Այդպիսի տվյալներ են բերվում իռլանդական PageFair ընկերության նոր գլոբալ զեկույցում:
20 հայ օգտատերերից մեկն է արգելափակում համացանցային գովազդը, որով փորձում են վաստակել հրատարակիչներն ու մեդիա ընկերությունները:
Նույն ցուցանիշն է արձանագրվել նաև հարևան Վրաստանում: Մինչդեռ Ռուսաստանում և Թուրքիայում այդ ցուցանիշը 6% և 7% է համապատասխանաբար: Ադրբեջանի և Իրանի տվյալներն անհասանելի են:
Ըստ PageFair-ի հետազոտության, որը վերլուծել է 73 երկրի տվյալներ, համացանցային գովազդի արգելափակման ամենաբարձր մակարդակը գրանցվել է Հունաստանում և Իռլանդիայում` 39-ական տոկոս, որին հաջորդում է Գերմանիան` 29% ցուցանիշով: Զեկույցում ասվում է նաև, որ այժմ 615 մլն սարք է արգելափակում գովազդը, որոնց քանակն ամեն տարի ավելանում է 30%-ով: