10 փետրվարի 2017 - 17:08 AMT
Կոմանդոսը հրաժարվել է մեկնել Մինսկ, քանի որ «եղել է Ղարաբաղում»

Հայաստանի ԴՈՍԱԱՖ կենտրոնական խորհրդի նախագահ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) հրաժարվել է մեկնել Մինսկ՝ Բելառուսի ԴՈՍԱԱՖ-ի ձևավորման 90-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Այդ մասին ինքը Տեր-Թադևոսյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Պաշտոնական հրավերին ուղարկված պատասխան նամակում Շուշիի ազատագրման օպերացիայի ղեկավարը նշել է, որ չի գալու Մինսկ, քանի որ «եղել է Ղարաբաղում»:

ՀՀ և Բելառուսի միջև դիվանագիտական լարվածություն է ծագել՝ կապված Ադրբեջանի հարցումով Մինսկում ձերբակալված և այնուհետև Բաքվին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործի հետ:

Փետրվարի 9-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չեղարկել էր ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի այցը Բելառուս:

Արկադի Տեր-Թադևոսյանը եղել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի առաջին հրամանատար, Շուշիի ազատագրման «Հարսանիքը լեռներում» ծրագրի հեղինակն է: