ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հայտարարել է, որ նախագահն ակնկալում է, որ Ռուսաստանը կմարի հակամարտության սրացումն Ուկրաինայում և կվերադարձնի Ղրիմը:
«Նախագահ Թրամփը պարզ հասկացրել է, որ ակնկալում է Ռուսաստանի իշխանություններից Ուկրաինայում սրացման մեղմացում և Ղրիմի վերադարձը»,-ասել է Սփայսերը ամենօրյա ճեպազրույցում, հայտնում է Gazeta.ru-ն Reuters-ի վրա հղումով:
Նա հավելել է, որ «Թրամփը միևնույն ժամանակ հուսով է լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ»:
2017-ի հունվարին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Ղրիմի, կամ ՌԴ այլ տարածաշրջանի կարգավիճակի հարցը չի կարող սակարկության առարկա լինել Մոսկվայի համար:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն մտադիր չէ չեղարկել Ղրիմի պատճառով ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցները:
ՄԱԿ-ում ԱՄՆ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին փետրվարի սկզբին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցներն ուժի մեջ կմնան քանի դեռ Ղրիմը չի վերադարձվել Ուկրաինային: Հեյլին նաև մեղադրել է ՌԴ-ին Ուկրաինայի արևելքում «ագրեսիվ գործողությունների» մեջ, որտեղ վերջին օրերին սաստկացել են շփման գծին հարակից բնակավայրերի գնդակոծությունները:
Անդրադառնալով Հեյլիի ելույթին` ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները քվեարկել են ՌԴ կազմի մեջ մտնելու օգտին: