15 փետրվարի 2017 - 16:02 AMT
Ինտերպոլը կօգնի ՀՀ-ին արգելափակել ծայրահեղական կայքերը

Ինտերպոլն ու Եվրոպոլը կօգնեն ԱՊՀ երկրներին, այդ թվում Հայաստանին, արգելափակել ծայրահեղական կայքերը:Այդ մասին հայտնել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար, ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը:

«ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնը մի շարք միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային շփումների ընթացքում ձևավորել է ահաբեկչական և ծայրահեղական բովանդակությամբ ինտերնետ ռեսուրսներին հակազդելու լրացուցիչ մեխանիզմ»,-ասել է Նովիկովը ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ, հայտնում է «Sputnik-Արմենիան»:

Ըստ նրա, հաճախ այդ ռեսուրսները գործում են ԱՊՀ անդամ երկրների սահմաններից դուրս:

Խորհրդակցության աշխատանքներին մասնակցել են ՀՀ, ՌԴ, ինչպես նաև Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի հատուկ ծառայությունների և անվտանգության մարմինների պատվիրակությունները:

Ներկա են եղել նաև ԱՊՀ հետ համագործակցող Շանհայի համագործակցության կամզակերպության և ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները: