Ֆրանսիայի նախագահության թեկնածու և «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը հրաժարվել է Լիբանանի գերագույն հոգևոր առաջնորդի հետ հանդիպումից՝ մերժելով հանդիպմանը գլխաշորով ներկայանալու պահանջը:
«Դուք կարող եք իմ հարգանքի հավաստիացումները հաղորդել գերագույն մուֆտիին, սակայն, ես գլխաշոր չեմ կրի»,-հայտարարել է Լե Պենը, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:
Կրոնական գործչի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ֆրանսիացի քաղաքական գործչի օգնականները նախապես իրազեկված էին հանդիպմանը գլխաշորով ներկայանալու անհրաժեշտության մասին:
Լե Պենը մի շարք հանդիպումներ է ունեցել Լիբանանում տեղի քաղաքական գործիչների հետ:
Ըստ հասարակական հարցման արդյունքների, Լե Պենը նախագահական մրցավազքի առաջատարն է՝ առաջին փուլում նրան կաորղ է սատարել ընտրողների 27 տոկոսը: Սակայն, երկրորդ փուլում, ըստ կանխատեսումների, Լե Պենը կպարտվի կամ Ֆրանսուա Ֆիյոնին, կամ Էմանուել Մակրոնին: Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2017-ի ապրիլ-մայիսին: