2 մարտի 2017 - 13:47 AMT
ՊԲ-ն հերքում է. Ադրբեջանական կողմը երևակայական «հակահարվածային գործողություններ» է իրականացնում

Ադրբեջանական կողմը շարունակում է իր երևակայության դաշտում իրականացնել «հակահարվածային թեժ գործողություններ»: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

«Մինչ հերքում էի «շտաբի ոչնչացման» մասին ապատեղեկատվությունը, ադրբեջանական ագիտպրոպը տարածել է հերթական հորինվածքը, այս անգամ արդեն չեղած դիվերսիոն գործողության մասին: Այնպես որ Ադրբեջանական կողմը շարունակում է իր երևակայության դաշտում իրականացնել «հակահարվածային թեժ գործողություններ»: Բացառված չէ, որ որոշ ժամանակ հետո տեղեկանանք հակառակորդի ճամբարում տեղի ունեցած «մահվան ելքով»դեպքի մասին: Պետք չէ զարմանալ, սովորություն է»,- գրել է Հասրաթյանը:

ՊԲ տարածա հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մարտի 2-ին տարածած տեղեկատվություններն առ այն, թե իբր Մարտունու ուղղությամբ հայկական շտաբ է ոչնչացվել, իսկ Մարտակերտի հատվածում կանխվել է արցախյան կողմի դիվերսիոն-ներփաթանցման փորձը, հորինվածքներ են և իրականությանը չեն համապատասխանում:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ արցախյան կողմը երբեք նախահարձակի դերում հանդես չի գալիս և պատրաստ է հակառակորդի ցանկացած սադրանքի հասցնել ջախջախիչ հարված:

Ավելի վաղ Հասրաթյանը հերքել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն հայտարարությունը, թե մարտի 1-ին իբր «ոչնչացվել է հայկական ԶՈւ հենակետային դիրքերի շտաբը, հայկական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ»: