6 մարտի 2017 - 11:50 AMT
Էնֆիաջյան. «Ծառուկյան» դաշինքը կներկայացնի ստեղծված իրավիճակում փոփոխությունների իր տեսլականը

«Ծառուկյան» դաշինքի նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է մարտի 5-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

«Մեկ ամսից քիչ ժամանակ ունենք, որպեսզի ներկայացնենք ստեղծված իրավիճակում փոփոխություններ մտցնելու մեր տեսլականը: Կո՛չ եմ անում յուրաքանչյուրին, այս պատասխանատու շրջանում մոբիլիզացնել բոլոր ուժերը: Թիմային սկզբունքը պետք է վեր դասվի անձնականից։ Միայն թիմով է հնարավոր հասնել ժողովրդի կողմից ակնկալվող փոփոխություններին։

Ինքս ընտրապայքարին մասնակցում եմ և՛ համապետական ցուցակով, և՛ որպես 4-րդ ընտրատարածքի պատգամավորի թեկնածու, բայց կոչ եմ անում առաջնայինը քվեարկել «Ծառուկյան» դաշինքի օգտին։ Օրհասական լուծում պահանջող խնդիրները` աղքատություն, գործազրկություն, արտագաղթ, տնտեսական անկումային վիճակ, վերջապես պետք է ստանան իրենց լուծումները», - մասնավորապես ասել է Էնֆիաջյանը։

Նրա խոսքով, քաղաքական թիմն ունի փոխելու ու կառուցելու բանաձևերը։ Էնֆիաջյանը նշել է՝ թե՛ դաշինքի համապետական ցուցակով, թե՛ բոլոր 13 ընտրատարածքում ընտրապայքարին ակտիվ մասնակցելու են մեր թեկնածուները՝ մարդիկ, ովքեր ունեն հարգանք և վստահություն հանրապետության ամբողջ տարածքում։

«Մեր թիմը ծավալում է ակտիվ աշխատանքներ, մենք հաշվարկած և հիմնավորված ներկայացնելու ենք այն բանաձևերը, որոնցով հնարավոր է բեկել ստեղծված իրավիճակը։ Մեր նախընտրական ծրագրում ներկայացված են բոլոր տնտեսական հիմնավորումներն ու զարգացման ուղիները։ Մենք ունենք միասնական թիմ և Գագիկ Ծառուկյան` հզոր առաջնորդ», - մասնավորապես ասել է խմբակցության քարտուղարը։

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն:

Կարդացեք նաև՝ՀՅԴ նախընտրական ծրագրում՝ գործազրկության, աղքատության խնդիրները, Արցախի միավորման հարցը

ԵՄ հետ ասոցացում, ՓՄՁ-ների հարկերի թեթևացում ու Մեծ հայրենադարձություն. ԵԼՔ-ի նախընտրական խոստումները

ՕՐՕ. Մենաշնորհների վերացում, մրցակցություն, ԱԱՀ կրճատում

Նախագահ. Օրենքի տառին համա­պա­տասխանող ընտրությունները կլինեն բոլորիս հաղթանակը