6 մարտի 2017 - 17:23 AMT
Նախարարություն. Գյուղատնտեսական կենդանիների պատվաստման որակը կբարելավվի

ՀՀ-ում կբարելավվի գյուղատնտեսական կենդանիների պատվաստման աշխատանքների որակը, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

Ելնելով հարևան երկրներում տիրող կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցման բարձր ռիսկայնությունից և հանրապետության առանձին մարզերի կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակից, հանրապետությունում անասնահամաճարակային կայուն իրավիճակ ստեղծելու և պահպանելու նպատակով յուրաքանչյուր տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մի շարք հիվանդությունների նկատմամբ իրականացվում են անասնահակահամաճարակային կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ:

Ծառայություների մատուցումը պատվիրակվում է «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Գյուղատնտեսական կենդանիների պատվաստման աշխատանքների որակի բարձրացման, մատուցվող ծառայությունների բարելավման նպատակով 2017-ին «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը համատեղ կիրականացնեն ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումների կազմակերպումը»:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության և հիմնադրամի միջև 2017 թվականի փետրվարի 8-ին կնքվել է Համագործակցության Հուշագիր:

Համագործակցության արդյունքում կկատարելագործվեն մեխանիզմներ, որոնք ուղեցույց կհանդիսանան անասնաբուժական գործունեություն իրականացնող անձանց, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին իրականացվող անասնաբուժասանիտարական միջոցառումներ իրականացնողների համար: Կկատարելագործվեն նաև գործուն մեխանիզմներ անասնաբուժության ոլորտում մատուցվող ծառայությունների, մասնավորապես գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների գործընթացը տեղում կազմակերպելու և տեղական մասնագետներին ներգրավելու գործընթացը կազմակերպելու ուղղությամբ:

Նախարարությունը տեղեկացնում է, որ միաժամանակ, կմշակվի անասնապահությամբ զբաղվող տնտեսությունների հաշվառման և գրանցման արդյունավետ ու մատչելի համակարգ, որը հետագայում կապահովի Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսությունների և անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծումը՝ հստակ տվյալների առկայությամբ:

Կմշակվի բրուցելոզի և այլ սուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման և կանխարգելման նոր տեխնոլոգիաների ու մեխանիզմների փաթեթ` հետագայում Հայաստանի Հանրապետությունում ներդնելու նպատակով:

Կկազմվի աշխատանքների մշտադիտարկման (մոնիթորինգի) ժամանակացույց՝ դրանց իրականացման ժամկետներին և որակին հետևելու նպատակով: