ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի լոբբիստական հարաբերությունները Թուրքիայի հետ հաստատում են, որ նրա պաշտոնանկության մասին որոշումը ճիշտ էր: Այդ մասին հայտարարել է փոխնախագահ Մայք Փենսը:
Հայտնի է դարձել, որ նախագահի նախկին խորհրդական Ֆլինը գրանցվել է ԱՄՆ արդարադատության նախարարությունում որպես Թուրքիայի շահերի լոբբիստ: Նա ավարտել է այդ աշխատանքը մինչև ԱՄՆ նախագահի ընտրությունները: Հայտնի է դարձել, որ Ֆլինի ֆիրման ծառայությունների համար մոտ 500.000 դոլար է ստացել:
Ֆլինը հեռացավ պաշտոնից այն ժամանակ, երբ մամուլում ենթադրություններ հայտնվեցին, որ գեներալն ապատեղեկատվություն է տվել Փենսին ու վարչակազմի մյուս ներկայացուցիչներին ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ շփման մասին:
Ավելի վաղ Ֆլինի ընկերությունն իրազեկել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ համագործակցում է թուրք գործարարի ընկերության հետ, որը գտնվում է Նիդերլանդներում, սակայն, այն ժամանակ նա փաստաթղթեր չէր ներկայացրել արդարադատության նախարարություն:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց մեկ շաբաթ անց արգելեց իր վարչակազմի պաշտոնյաներին լոբբինգով զբաղվել պաշտոնանկությունից հետո 5 տարվա ընթացքում, իսկ օտարերկրյա կառավարությունների շահերն առաջ տանելն արգելվեց ցմահ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: