9 հոկտեմբերի 2007 - 14:54 AMT
Օնուր Օյման. Եթե Ցեղասպանության մասին օրինագիծն ընդունվի, «Թուրքիան այնպիսի միջոցներ կձեռնարկի, որոնց բացասական ազդեցությունը կզգա յուրաքանչյուրը»
«Ցավոք, մենք բախվեցինք ԱՄՆ Կոնգրեսում հայկական լոբբիի ճնշման ներքո հորինված ցեղասպանության վերաբերյալ նախագծի հետ կապված բարդությունների հետ: Նույնիսկ եթե նախագահ Բուշը դեմ է դրան, միշտ կա Կոնգրեսի կողմից նման որոշում կայացնելու հավանականությունը»,-հայտարարել է Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության նախագահի տեղակալ, պատգամավոր Օնուր Օյմանը: Պատգամավորը կարծում է, որ եթե ամերիկացի օրենսդիրներն ընդունեն այդ փաստաթուղթը, դա վնաս կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին:

«Դա նաեւ կհանգեցնի թուրք-հայկական հարաբերությունների վատթարացմանը: Այդ կապակցությամբ մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ կառավարությունը կխոչընդոտի «Հայոց ցեղասպանության» մասին բանաձեւի նախագծի ընդունմանը: Եթե Ցեղասպանության մասին օրինագիծն ընդունվի, «Թուրքիան այնպիսի միջոցներ կձեռնարկի, որոնց բացասական ազդեցությունը կզգա յուրաքանչյուրը»,-հայտարարել է Օ.Օյմանը:

Թուրք դիվանագետը նշել է, որ Արդարության եւ զարգացման իշխող կուսակցությունը չի կարող բավարար չափով խանգարել ԱՄՆ Կոնգրեսի կողմից բանաձեւի ընդունմանը:

«Պետք էր կոնգրեսականներին Թուրքիա հրավիրել եւ ներկայացնել մեր փաստարկները»,-գտնում է Օ.Օյմանը:-Օրինակ, Իրաքում ամերիկացի զորքերի մատակարարումն իրականացվում է Թուրքիայի տարածքով: Հայաստանն իր պահանջների մեծ մասը բավարարում է Թուրքիայի միջոցով: Այստեղ հնարավարություններ կան որոշման կայացմանը խանգարելու համար, սակայն Թուրքիան չկարողացավ բավարար չափով պարզաբանել այդ հարցը», հաղորդում է ԱՊԱ-ն:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի վերաբերյալ քվեարկությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կայանալու է հոկտեմբերի 10-ին: