
Պոլսի պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ և ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի փոխանորդ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը կարծում է, որ պատրիարքի ընտրությունների շուրջ առաջացած խնդիրը կլուծվի, երբ պետությունը ուսումնասիրի հարցը:
Նա հայտնել է, որ գործընթացի հետագա աշխատանքների համար կարելի է սպասել մինչև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որը տեղի է ունենալու ապրիլի 16-ին, «Ակոս»-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Մաշալյանն անդրադարձել է ընտրությունների գործընթացին Ստամբուլի նահանգապետարանի միջամտությանը և ստեղծված իրավիճակում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կեցվածքին:
Վերջինս չնայած պարտվել էր տեղապահի ընտրություններում, բայց հրաժարվում է հեռանալ պաշտոնից՝ որպես արդարացում բերելով Ստամբուլի նահանգապետարանի գրությունը: Փոխնահանգապետը գրությամբ տեղեկացրել էր, որ պատրիարքի ընտրությունների անցկացումն իրավաբանորեն անհնար է:
Մաշալյանը նշել է, որ այսքանից հետո Աթեշյանը պետք է ընտրություն կատարի եկեղեցու և պետության միջև: Մաշալյանի խոսքով, Բեքչյանի՝ Գերմանիայից վերադարձից հետո պետությանը կնեկայացվի ստեղծված իրավիճակը.
«Միջամտությունը թյուրիամացության հետևանք էր և գրությունը գրված էր հապշտապ: Պետությունը, երբ մասնագետներին հանձնարարի գործընթացն ուսումնասիրել, իրավիճակը կբացահայտվի: Կբացատրենք, որ տեղապահի ընտրությունը եկեղեցու ընթացակարգի փուլերից է: Մենք էլ այս գործընթացի հետագա աշխատանքները կարող ենք հանրաքվեից հետո կատարել»:
Մաշալյանը նաև տեղեկացրել է, որ Պոլսի պատրիարքարանը տեղապահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ նամակներ է ուղարկել Էջմիածին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին:
Առաջին նամակում պատրիարքարանի ընդհանուր Ժողովի Դիվանի ատենապետ Եղիշե վարդապետ Ուչգունյանը կաթողիկոսին տեղեկացնում է մարտի 15-ին տեղի ունեցած տեղապահի ընտրությունների արդյունքները, համաձայն որի, տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:
Երկրորդ նամակի հեղինակը Մաշալյանն է: Նա գրել է, որ ընտրված տեղապահ Բեքչյանն այս անցումային շրջանում կաթողիկոսի աջակցության կարիքն ունի, որպեսզի կարողանա իր պարտականություններն իրականացնել: