14 ապրիլի 2017 - 14:09 AMT
Մոլդովան դիտորդ երկրի կարգավիճակ է ստացել ԵՏՄ-ում

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը հավանություն է տվել Մոլդովային ԵՏՄ-ում դիտորդի կարգավիճակ շնորհելուն: Այդ մասին ապրիլի 14-ին Խորհրդի նիստում հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը:

Նիստին մասնակցել են ԵՏՄ անդամ բոլոր պետությունների նախագահները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նիստին հրավիրված էր նաև Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը:

Ավելի վաղ Դոդոնը դիմել էր ԵՏՄ-ին իր երկրին այդ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ շնորհելու խնդրանքով:

Ըստ Ատամբաևի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հերթական նիստում կներկայացնի Մոլդովայի համար այդ կարգավիճակի իրացման կարգը:

Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ընդլայնել իրավապայմանագրային դաշտը` մինչ այժմ երկու երկրի միջև ստորագրված շուրջ երկու տասնյակ համաձայնագրին ու պայմանագրին ավելացնելով նորերը: Այդ համատեքստում կարևորվել է միջխորհրդարանական կապերի և շփումների ակտիվացումը, առևտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը:

Ընթերցեք նաև. Սարգսյան-Դադոն հանդիպում. Կարևորվել է առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում գործակցությունը